Roma Cares հիմնադրամը օգնություն է փոխանցել Roma Armenia Giallorossi ֆան-ակումբին: Մարզահագուստով և այլ պարագաներով լի 117 փաթեթները փոխանցվել են Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, որոնք հետագայում կտեղափոխվեն Արցախ: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Փաթեթները փոխանցվելու են Roma Armenia Giallorossi ֆան-ակումբի նախագահին, ով աջակցության համար դիմել էր իտալական ակումբին՝ արցախյան պատերազմի հետևանքով խաղաղ բնակչության կրած վնասները մեղմելու համար:
«Roma Cares Foundation-ը օգնության ձեռք է մեկնում մեր ակումբի բոլոր երկրպագուներին, անկախ քաղաքականությունից կամ նրանց բնակվելու վայրից: Մենք օգնություն ենք տրամադրում այն մարդկանց, որոնք այս պահին բավական ծանր իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:
Հավելենք, որ Roma Armenia Giallorossi ֆան-ակումբը փաթեթները ուղարկելու է Արցախ:
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին:
«Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռոմա» ակումբին, այս մարդասիրական օգնության համար»,- գրել է Մխիթարյանը: