«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները քննող դատական նիստերն այս պահին ընթացքի մեջ են»,-այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը:
Փաստաբանը հայտնեց, որ եղբայրներից մեկի վերաբերյալ նիստն արդեն ավարտվել է և սպասում են վճռի հրապարակմանը, իսկ մյուսինն ընթացքի մեջ է:
Հարցին, թե որքանո՞վ է նա վստահ, որ սպասվող դատական պրոցեսում իրենց դիրքերն ամուր են և կարող է ապացուցել եղբայրների անմեղությունը, Միքայելյանն ասաց. «Այն, որ մեր դիրքերն ամուր են, համենայն դեպս, ես դրանում չեմ կասկածում, բայց թե ինչի կհասնենք՝ այս պահին չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ Էդգար և Գոռ Մալաքյանները երեկ ազատ արձակվեցին Երևան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից, քանի որ ժամը 23:40-ին և 23:45-ին լրանում էր նրանց՝ անազատության մեջ գտնվելու առավելագույն ժամկետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել, որի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին: