ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ։
Թիմերի միջև առաջին խաղը կայացավ Գյումրիում՝ ավարտվելով Վրոցլավը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 4։2։ Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 29-ին։
Հուլիսի 28-ին Վրոցլավի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել «Արարատի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նախախաղային ասուլիսը։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ մեր թիմի կիսապաշտպանը նշել է, որ չեն ժամանել Լեհաստան պարզապես խաղին մասնակցելու․
«Ճիշտ է երկու գոլի տարբերություն կա, բայց պայքարելու ենք հաղթանակի համար։ Եկել ենք այստեղ դրա համար, այլ ոչ պարզապես մասնակցենք խաղին և վերադառնանք»,- ասաց Մալաքյանը։
-Որո՞նք են «Շլյոնսկի» ուժեղ կողմերը և հատկապես ո՞ր խաղացողից պետք է զգուշանալ։
— Կարծում եմ, որ կան լավ խաղացողներ, թե՛ անհատապես, թե՛ որպես թիմ լավն են։ Չի կարելի որևէ մեկից զգուշանալ, այլ պետք է ուշադիր լինել ամբողջ թիմի նկատմամբ։
— Առաջին խաղում Դուք և Ձեր թիմակիցները բավական հեշտությամբ շրջանցում էիք մրցակցի խաղացողներին։ Համաձա՞յն եք, որ անհատական վարպետությամբ «Արարատի» խաղացողները գերազանցում են մրցակցին։ Պատասխան խաղում դա որոշիչ կլինի՞։
-Չեմ կարծում, թե գերազանցում ենք, նույնսիկ կարող եմ ասել, որ ճիշտ չի լինի, եթե պատասխանեմ այս հարցին։ Պարզապես կնշեմ, որ արժանի մրցակից է «Շլյոնկսը»։ Մենք ցույց տվեցինք,որ նույնպես լավ թիմ ենք և կարող ենք խաղալ նրանց դեմ, ու ոչ միայն նրանց։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ ունակ ենք մասնակցել նման խաղերի և լավ արդյունքներ գրանցել։