«Լացիոյի» իսպանացի պաշտպան Պատրիկ Գաբարոնը կծել է «Լեչչեի» խաղացող Ջուլիո Դոնատիին Ա Սերիայի՝ այս թիմերի միջև կայացած խաղում:
Հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին ֆուտբոլիստները միմյանց հետ պայքարել են՝ տուգանայինի իրացումից առաջ ավելի հարմար դիրք զբաղեցնելու համար: Դոնատին բողոքել է մրցավարին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն բանին, թե ինչպես են «Լացիոյի» ֆուտբոլիստները պայքար մղում կանոնների խախտմամբ:
«Լացիոյի» պաշտպան Պատրիկ Գաբարոնը թիկունքից մոտեցել է մրցակցին ու կծել նրան: Հանդիպման գլխավոր մրցավարի արձագանքը չի ուշացել. նա ուղիղ կարմիր քարտով հեռացրել է Գաբարոնին:
Հանդիպումն ավարտվել է «Լեչչեի»՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք՝ խաղադաշտում մրցակիցներին կծելու սովորությամբ հայտնի է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: ԶԼՄ-ների տեղեկություններով, հարձակվողն իր կարիերայի ընթացքում 8 մրցակցի է կծել: