Մյունխենի «Բավարիան»՝ Գերմանիայի չեմպիոն: Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում բավարացիներն արտագնա խաղում 1-0 հաշվով առավելության հասան Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:
Չեմպիոնական ու միակ գոլը խփեց առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: 79-րդ րոպեին Դևիսը «Բավարիային» թողեց 10 խաղացողով, բայց տանտերերը չկարողացան օգտվել քանակական առավելությունից: 90-րդ րոպեին խելահեղ, չեմպիոնական սեյվի հեղինակ դարձավ Մանուել Նոյերը: Այս հաղթանակի շնորհիվ առաջնության ավարտից 2 տուր առաջ մյունխենյան թիմն ապահովեց չեմպիոնի կոչումը՝ մոտակա հետապնդող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ ունենալով 10 միավորի առավելություն: Ինչ վերաբերում է «Վերդերին», ապա վերջինիս գործը բարդ է: Բրեմենյան թիմը կմնա նախավերջին տեղում ու մյուս 2 խաղում միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ, սակայն հաղթանակներն էլ դեռ կարող են Բունդեսլիգայում մնալու երաշխիք չլինել:
Վերջին 2 տուրում «Վերդերը» հանդիպելու է «Մայնցի» ու «Քյոլնի» հետ: