Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին:
«Ողջույն տղաներ։ Ես որոշեցի դադարեցնել կռվելը: Շնորհակալ եմ բոլորիդ այս զարմանալի պահերի համար: Այդ ամենը զիլ էր: Ի՞նչ ճանապարհ ես անցա:
Ահա իմ և մայրիկիս նկարը Լաս Վեգասում իմ հաղթանակներից մեկից հետո, երբ ես դարձա աշխարհի չեմպիոն: Ընտրեք ձեր երազանքի տունը, ես սիրում եմ ձեզ: Ինչ ուզում ես, քոնն է», – գրել է Քոնորը tweeter-ում:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մակգրեգորը հայտարարում է իր կարիերան ավարտելու մասին․ դա 2016 թվականին էր։ Իռլանդացին երկրորդ անգամ հայտարարեց սպորտից հեռանալու մասին անցած տարվա մարտին, բայց 9 օր հետո նա կրկին հայտարարեց իր վերադարձի մասին:
Վերջին մրցամարտում Մակգրեգորը նոկաուտի ենթարկեց Դոնալդ Քերոնին այս տարվա հունվարին՝ UFC 246-ում: Ընդհանուր առմամբ, 31-ամյա իռլանդացին 26 մենամարտերում հաղթել է 22-ում:
Վերջին շաբաթների ընթացքում, նրա հետ հնարավոր մենամարտի համատեքստում, նշվում էին MMA մի քանի գերաստղերի անուններ, օրինակ՝ Նեյթ Դիասը, ում հետ նա արդեն երկու անգամ էր կռվել, և Անդերսոն Սիլվան։ Եվ որ ամենակարևորն է`Խաբիբ Նուրմագոմեդովի անունը ամենաշատն էր նշվում, որպես Քոնորի ապագա մրցակից: