Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Փյունիկի» կողմից և 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 20-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմի կազմում բացեց Յուսուֆ Օտուբանջոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Ընդամենը 3 րոպե անց Սանոգոն երկրորդ գոլն ուղարկեց «Փյունիկի» դարպասն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 30-րդ րոպեին Օտուբանջոյի հարվածից հետո գնդակն, անդրադառնալով դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովից, հայտնվեց «Փյունիկի» դարպասում:
Առաջին կեսի վերջնամասում «Փյունիկի» ֆուտբոլիստները հաշվի տարբերությունը կրճատելու հնարավորություն ստացան, սակայն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վրիպեց 11-մետրանոցից:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» առաջնությունը վերսկսեց վստահ հաղթանակով և վաստակած 3 միավորով ու ամրապնդվեց ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ իր միավորների թիվը հասցնելով 36-ի: «Փյունիկը», որն արդեն կորցրել է 6-յակում հայտնվելու և մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը, շարունակում է 23 միավորով հանգրվանել 7-րդ տեղում:
Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականություններն այս խաղում կատարում էր Աշոտ Ավետիսյանը, քանի որ Ռոման Բերեզովսկին, չնայած արդեն ժամանել է Հայաստան, կարանտինային ինքնամեկուսացման մեջ է: