ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպումից հետո տանտերերի դարպասապահ Բալշա Պոպովիչը կիսվել է տպավորություններով՝ անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի ընտրած մարտավարությանը։
«Այս փուլի չորրորդ հանդիպումն իսկապես բարդ էր, տղաները մեծ ուժեր էին ծախսել։ Երևում էր, որ հայերը եկել էին միայն պաշտպանվելու համար և փորձում էին հակագրոհների միջոցով երեք միավոր վաստակել, բայց մենք թույլ չտվեցինք։ Կարծում եմ՝ բոլորն էլ կարող են գոհ լինել այս չորս խաղերից՝ և՛ մենք, և՛ երկրպագուները»,- նշել է Պոպովիչը։
Խոսելով լեփ-լեցուն մարզադաշտի ու երկրպագուների մասին՝ դարպասապահը հավելել է, որ ցանկանում են նման մթնոլորտ տեսնել յուրաքանչյուր խաղում, քանի որ երկրպագուները ճիշտ պահի զգացին թիմին աջակցելու կարևորությունը։
Այս խաղից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ մեր ընտրանին Կիպրոսին կընդունի նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցի նոյեմբերի 15-ին դրսում։
























































