Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը նախախաղային ասուլիսի ժամանակ կիսվել է Ազգերի լիգայի 4-րդ տուրի՝ Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման սպասումներով։
«Իհարկե, մեր դիրքն իդեալական է, քանի որ 5 միավորի առավելություն ունենք, բայց հեշտ չէ: Երբ գագաթին ես, բոլորը փորձում են քեզ ցած գցել։ Տղաներն օրեցօր բնավորություն և ցանկություն են ցուցաբերում այնտեղ մնալու համար, բայց հենց այդ դիրքը պահպանելն է ամենադժվարը։
Յուրաքանչյուր հանդիպում տարբեր է: Կարծում եմ՝ Երևանում մենք ավելի լավ տեսք ունեինք և արժանիորեն վաստակեցինք 3 միավորը, թեև հաղթական գոլը խփեցինք միայն վերջին րոպեին: Ես անընդհատ կրկնում եմ ֆուտբոլիստներիս՝ պետք է ջնջել հիշողությունից այն, ինչ եղել է, քանի որ յուրաքանչյուր նոր օր նոր մարտահրավեր է և ապացուցելու նոր հնարավորություն։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք արդյունքի հասնել, երբ պայքարում ենք մինչև վերջ։
Այն, ինչ հիմա կատարվում է, հիանալի է. լիքը մարզադաշտ, էյֆորիա… բայց դա նաև կարող է շեղել բուն նպատակից: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Ես այստեղ եմ եկել, որովհետև ճանաչում եմ այս տղաներին, հավատում եմ նրանց որակներին։ Մենք պետք է նույն ուղղությամբ թիավարենք՝ առաջնորդվելով հաղթանակի քաղցով ու ցանկությամբ, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք։
Երեք խաղից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Տղաները շատ էներգիա են ծախսել, բայց բոլորն էլ ցանկանում են խաղալ: Տիրող էյֆորիան մղում է նրանց առաջ: Ինձ համար սա ամենադժվար հանդիպումն է մեկնարկային կազմի ընտրության հարցում. դեռ չգիտեմ՝ ում, որտեղ և ինչպես խաղացնել»,- եզրափակել է Վուչինիչը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
























































