Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ հոկտեմբերի 5-ին, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի Չեռնոգորիայի ընտրանուն։
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կայացել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջին խաղից առաջ։ Կադրային առումով մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են, և լավ արդյունքի հասնելու համար պետք է խիզախորեն պայքարենք։ Մենք հստակ պլան ունենք. եթե ցանկանում ենք պահպանել մեր բարձր շանսերը, ապա պարտավոր ենք հաղթել:
Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում: Նրանք մեզ շատ են պետք, բայց մենք պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը: Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ, որ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար»,- նշել է Մելիքյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն իր հերթին նշել է, որ հաճելի է խաղալ Պոդգորիցայում։
«Երևանում մենք ավելի լավ արդյունք գրանցելու հնարավորություններ ունեինք, բայց, ցավոք, մնացինք առանց միավորների: Մենք այստեղ ենք եկել իրավիճակը շտկելու և հաղթանակ տոնելու համար»,- եզրափակել է Իվուն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
























































