«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի 18-ամյա վինգեր Ռիո Նգումոան կիսվել է իր հայրենակից Ջուդ Բելինգհեմի մասին տպավորություններով:
«Ջուդն այս պահին, հավանաբար, լավագույն կիսապաշտպանն է աշխարհում: 17 տարեկանում նա հաստատ հավատում էր, որ խաղալու է Անգլիայի հավաքականում, ինչպես Ուեյն Ռունին։ Հուսով եմ՝ ես էլ ակումբի և ազգային թիմի հետ կկարողանամ հասնել նրան, ինչին հասել է նա։ Կարծում եմ՝ դա հիանալի ճանապարհորդություն կլինի»,- Նգումոայի խոսքերն է մեջբերում ITV Sport-ը:
Հիշեցնենք, որ Նգումոան իր նորամուտն Անգլիայի ազգային ընտրանու կազմում նշել է սեպտեմբերի 29-ին՝ Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Չեխիայի դեմ խաղում (2-0)՝ դաշտում անցկացնելով 19 րոպե։
Նշենք, որ 18-ամյա վինգերն իր աստղային թիմակցի մասին այս հայտարարությունն արել էր Խորվաթիայի դեմ խաղից առաջ, որում Անգլիան ջախջախիչ հաղթանակ տարավ, իսկ խորվաթները կրեցին իրենց պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Հենց այդ դիմակայությունում Բելինգհեմն անմիջականորեն հաստատեց Նգումոայի խոսքերը՝ անցկացնելով ֆանտաստիկ հանդիպում ու դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Բելինգհեմն Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2020 թվականից և մինչև վերոհիշյալ պատմական հանդիպումն ազգային թիմում անցկացրել էր 59 խաղ՝ իր ակտիվում գրանցելով 14 գոլ և 15 արդյունավետ փոխանցում։



























































