Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը կիսվել է տպավորություններով Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Իսպանիայից կրած տնային պարտությունից (2:3) հետո՝ հատուկ անդրադառնալով թիմի ավագ Հարի Քեյնի վրիպմանը 11-մետրանոց նշակետից։
«Կարծում եմ՝ սա բաց թողնված հնարավորություն էր։ Թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար հիանալի հանդիպում ստացվեց, հարձակման գծում մեր շատ գործողություններ բարձրագույն մակարդակի վրա էին։ Բայց նման կարգի մրցակցի դեմ խաղում սխալները շատ թանկ են արժենում։ Միշտ այն զգացողությունն է, որ դու ես հաղթանակը նվիրում նրանց, այլ ոչ թե նրանք են այն վաստակում»,- նշել է Գորդոնը։
Խոսելով թիմերի մակարդակների մասին՝ անգլիացի վինգերը շեշտել է, որ հակառակորդներին հավասարազոր է համարում․
«Չեմ կարծում, որ Անգլիայի և Իսպանիայի միջև լուրջ անդունդ կա։ Մենք հավասար ենք։ Եթե 11-մետրանոցն իրացվեր, մենք հիանալի դիրքում կհայտնվեինք ու կարող էինք հաղթել։ Բայց ֆուտբոլում 11-մետրանոցների հետ կապված նման բաներ պատահում են։ Քեյնը գրեթե երբեք չի վրիպում, ուստի մենք նրան կներենք այդ բացթողումը։
Իհարկե, իսպանացիներն իզուր չեն աշխարհում լավագույնը։ Երբ հաշիվը դարձավ 3:2, բոլորը տեսան, թե ինչպես են նրանք կարողանում վերահսկել գնդակը»,- Գորդոնի խոսքն է մեջբերում Goal-ը։
Գորդոնն անդրադարձել է նաև հանդիպման ընթացքում իր փոխարինմանը.
«Դա միշտ էլ հիասթափեցնում է ինձ, բայց այսօր, հավանաբար, ճիշտ որոշում էր, քանի որ մի փոքր հոգնել էի»։
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանին հաջորդ տուրում մրցելու է Չեխիայի հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին։
























































