Ռումինական Pro Sport պարբերականի փոխանցմամբ՝ «Ունիվերսիտատյա Կրայովան» ոչ միայն բարդ հանդիպում է անցկացրել «Արարատ-Արմենիայի» հետ (1:1), այլև այդ ընթացքում հասցրել է աչք դնել հայկական ակումբի աստղի՝ Գվինեա-Բիսաուի ազգային հավաքականի խաղացող Զիդան Բանջակիի վրա։
Ձախ վինգեր Զիդան Բանջակին իր եզրում իսկական վարպետության դաս է ցուցադրել՝ փոթորկելով «Իոն Օբլեմենկո» մարզադաշտի տրիբունաները։ 27-ամյա ֆուտբոլիստի որակներով անչափ տպավորված է եղել ակումբի սեփականատեր Միխայ Ռոտարուն։
Վերջինս անմիջապես տեղեկություններ է պահանջել մրցակցի ճամբարից՝ Բանջակիի հնարավոր տրանսֆերի մանրամասները պարզելու համար։
Թեև անցկացրած 80 րոպեների ընթացքում նա աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ, միևնույն է՝ եղել է հայկական ակումբի ամենավտանգավոր ֆուտբոլիստը։
Պայթյունավտանգ արագությունը, մեկը մեկի դեմ դրվագներում ճարպկությունն ու անցումները ստիպել են ռումինական ակումբի ղեկավարներին դեռևս հանդիպման ընթացքում դիսկրետ բանակցություններ սկսել՝ համառորեն հետաքրքրվելով նրա պայմանագրի ժամկետով։
Ռումինացիների՝ «առաջին հայացքից սիրահարվելը» լիովին բացատրելի է։ Լիսաբոնում ծնված այս ֆուտբոլիստն ունի հարուստ փորձ. նա անցել է պորտուգալական գրանդների՝ «Սպորտինգի» և «Բենֆիկայի» ակադեմիաներով։ Հանդես է եկել Պորտուգալիայի և Հունաստանի բարձրագույն լիգաներում։
Ըստ ռումինական աղբյուրի՝ հայկական ակումբը նրա տրանսֆերի համար ժամանակին վճարել է շուրջ 600,000 եվրո։
«Բոլորը տպավորված էին ձախ վինգերով: Անգամ Ռոտարուն էր հարցնում, թե քանի տարեկան է, որտեղից է եկել և որքան ժամանակով է նախատեսված նրա պայմանագիրը: Հստակ երևում էր, որ նրա որակները բարձր են մեր առաջնության միջին մակարդակից», — Trumedia.ro-ն մեջբերում է ակումբին մոտ կանգնած իր աղբյուրներին։
Հետաքրքրությունը Բանջակիի նկատմամբ պատահական չէ. սա ղեկավարության կողմից կանխատեսված քայլ է։ Օլթենացիները մոտ են առանցքային խաղացողներ Անզոր Մեկվաբիշվիլիին (MLS-ի «Չիկագո Ֆայրից» խոշոր առաջարկ ունի) և Շտեֆան Բայարամին կորցնելուն։ Այս պայմաններում Բանջակիի պես ֆուտբոլիստի տեղափոխությունը իդեալական լուծում կլիներ հարձակման գծում առաջացած բացը լրացնելու համար:




























































