Երևանի «Արարատը» պաշտոնապես դիմել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարմիր քարտի և հեռացման դրվագի կապակցությամբ։
Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և անփոփոխ.
««Արարատ» ՖԱ պաշտոնական դիրքորոշումը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման միջադեպի վերաբերյալ
Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնական դիրքորոշում է ուղարկել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ օգոստոսի 21-ին կայացած խաղի 55-րդ րոպեին թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հեռացման դրվագի վերաբերյալ։ Չխրախուսելով ֆիզիկական հակազդեցությունը՝ ակումբն ընդգծել է, որ Հարոյանի արձագանքը չի կարող դիտարկվել մրցակցի սադրանքից (անընդունելի հայհոյանք) անջատ․
- Մրցակցի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը խաղային դրվագից հետո ինքն է մոտենում Հարոյանին,
- Մոտ տարածությունից առերես խոսում է՝ բերանը ձեռքով ծածկած,
- Միայն դրանից հետո հետևում է Հարոյանի մեկանգամյա, անմիջական հրումը, որին որևէ ագրեսիվ շարունակություն չի հաջորդել։
Բերանը ծածկած հաղորդակցումը կանխող նորմերը, որոնք ընդունվել են IFAB կողմից և կիրառվել են վերջին Աշխարհի առաջնության ժամանակ, փաստում են նման վարքագծի սադրիչ բնույթը։ Թեև կանոնը Հայաստանում անցկացվող մրցումներում դեռևս իմպերատիվ չէ, բայց դրա բացակայությունն էլ հանգեցրել է այս իրավիճակին։
Մրցակցի սադրանքը միջադեպի անմիջական պատճառն է։ Բացի այդ, Հարոյանի արարքը կրել է ակնթարթային բնույթ, իսկ կարմիր քարտի պատճառով թիմն արդեն իսկ ծանր խաղային գին է վճարել։ Ակումբն ակնկալում է պատասխանատվության միջոցի համաչափ գնահատում։
Ակումբի միջնորդությունը կոմիտեին․
- Վարազդատ Հարոյանի նկատմամբ չկիրառել լրացուցիչ պատասխանատվության միջոց (կամ կիրառել պայմանական)՝ որակազրկումը սահմանելով 1 խաղ։
- «Արարատ» ակումբի նկատմամբ տուգանք չկիրառել կամ սահմանել նվազագույն չափով։
- Կարգապահական գնահատական տալ Իասոնաս Պիկիսի սադրիչ վարքագծին», — նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Արարատ» — «Փյունիկ» հանդիպումը կայացել էր ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: