Լոնդոնի «Արսենալը» շարունակում է հույսեր փայփայել, որ կկարողանա իր շարքերը համալրել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսով։
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, «զինագործները» մադրիդյան ակումբին առաջարկել են մոտ 80 միլիոն եվրո, ինչպես նաև որպես գործարքի մաս՝ իրենց հարձակվող Վիկտոր Յոկերեսի տրանսֆերը։ Ինքը՝ արգենտինացի ֆուտբոլիստը, լոնդոնյան ակումբում կարող է վաստակել տարեկան մոտ 25 միլիոն եվրո, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է նրա ներկայիս աշխատավարձը։
Այնուամենայնիվ, գործարքի ճակատագիրը կախված կլինի անձամբ խաղացողի որոշումից։ Հայտնի է, որ Ալվարեսն այնքան էլ մեծ ցանկություն չունի վերադառնալ Անգլիա, որտեղ նախկինում հասցրել է պաշտպանել «Մանչեսթեր Սիթիի» գույները։
Հավելենք, որ տևական ժամանակ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը համարվում էր «Բարսելոնան», սակայն «Ատլետիկոն» մտադիր չէ իր առանցքային ֆուտբոլիստին վաճառել Լա լիգայի անմիջական մրցակիցներից մեկին։


























































