Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխեի մահվանը։
«Մադրիդի «Ռեալի» նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են Լեո Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։ Մեր ակումբն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում Լեոյին, նրա ընտանիքին և բոլոր մերձավորներին։ Թող նա հանգչի խաղաղությամբ»,- նշված է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 68-ամյա Խորխե Մեսսին կյանքից հեռացել է Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Նա տևական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ, որի հստակ բնույթը չի բարձրաձայնվում։
Նշվում է, որ Լիոնելը մշտական հեռախոսակապի մեջ է եղել հոր հետ՝ հետևելով նրա առողջական վիճակին։ Թեև երբեմն դրական տեղաշարժեր են նկատվել, հիվանդությունն, ի վերջո, անզիջում է գտնվել։
























































