ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Նոան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց շվեյցարական «Սյոնի» հետ։
Խաղից հետո «Սյոնի» գլխավոր մարզիչ Դիդիե Տոլոն ամփոփել է հանդիպումն ու խոսել իր թիմի դրսևորած կամքի մասին։
«Խաղասկզբում անմիջապես հոգեբանական ծանր հարված ստացանք. գոլ ընդունեցինք և շատ արագ մնացինք տասը հոգով։ Իրավիճակն ուղղակի դժոխք էր հիշեցնում։ Բայց մենք կարողացանք արագ վերակազմավորվել և մնալ խաղի մեջ: Թիմը բնավորություն դրսևորեց, ու մենք կարողացանք փրկել հանդիպումը՝ ավարտելով այն ոչ-ոքի: Գուցե երկրորդ խաղակեսում մենք նույնիսկ կարող էինք ավելիին հավակնել, բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով խաղի նման սցենարը, արդյունքը միանշանակ դրական է:
Այնուամենայնիվ, շատ յուրահատուկ հանդիպում ստացվեց. բարդ է ֆուտբոլ խաղալ նման եղանակային պայմաններում, երբ ուժեղ քամին անընդհատ խանգարում է, իսկ գնդակի հետագիծն անկանխատեսելի է դառնում: Մեր գլխավոր նպատակը գոլ բաց չթողնելն էր, սակայն մենք երկու անգամ ստիպված եղանք գնդակը հանել մեր դարպասից: Կարևորն այն է, որ մենք ուժ գտանք ու ետ բերեցինք կորցրածը:
Այսօր դեռ ոչինչ վճռված չէ, դիմակայության շանսերը լիովին հավասար են՝ 50-50: Այժմ մենք ունենք տնային հանդիպում, որտեղ կփորձենք վերջնականապես վճռել հարցը մեր օգտին»,- նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին։

























































