ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Նոան» կանցկացնի չափազանց կարևոր դիմակայություն՝ սեփական հարկի տակ ընդունելով շվեյցարական «Սյոնին»։
Վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Դիդիե Տոլոն կիսվել է իր սպասելիքներով՝ անդրադառնալով մրցակցի ուժեղ կողմերին, թիմի նպատակներին և եղանակային պայմաններին։
«Ճանապարհն այս անգամ էլ երկար էր, բայց դա չպետք է արդարացում լինի մեզ համար,- նշել է շվեյցարական թիմի գլխավոր մարզիչը։ — Եթե ցանկանում ենք խաղալ Եվրոպայում, պետք է անցնենք այս ամենի միջով։ Մեր գլխավոր նպատակը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելն է»։
Խոսելով հայկական թիմի մասին՝ Տոլոն ընդգծել է, որ բավականաչափ լավ են ուսումնասիրել մրցակցին.
«Պետք է պատրաստ լինել, որ մրցելու ենք նմանատիպ հանդիպումների փորձ ունեցող թիմի հետ։ Մենք գիտենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը։ Սա մի թիմ է, որը կարողանում է գոլեր խփել, բայց նաև բավականաչափ բաց է թողնում։ Մեր գլխավոր խնդիրը գոլ բաց չթողնելն է. եթե դա հաջողվի, արդեն իսկ մեծ քայլ արած կլինենք առաջ»,- զգուշացրել է մասնագետը։
Անդրադառնալով Հայաստանում սպասվող եղանակային պայմաններին, մասնավորապես՝ քամուն, մարզիչը կատակել է.
«Մենք մեզ կարծես Ռիդեսում (խմբ.՝ շվեյցարական համայնք, որը հայտնի է իր ուժեղ քամիներով) զգանք։ Քամին, անշուշտ, կարող է իր ազդեցությունն ունենալ խաղի վրա։ Դրա դեմ լավագույն զենքը գնդակը վերահսկելն ու այն հնարավորինս գետնին պահելն է»։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Սյոն» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 6-ին, և կմեկնարկի 20:00-ին։


























































