Պորտուգալական հեղինակավոր A Bola պարբերականն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում սլովենական «Ցելյեի» նկատմամբ Հայաստանի չեմպոին «Արարատ-Արմենիայի» տարած կամային հաղթանակին (2-1):
Արտասահմանյան լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը». Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ առավելության է հասել Վիտոր Կամպելոսի թիմի նկատմամբ:
Պարբերականը ներկայացրել է հանդիպման հիմնական իրադարձությունները՝ նշելով, որ 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը 11-մետրանոցով առաջ է մղել հյուրերին, ինչին 38-րդ րոպեին Արթուր Սերոբյանը պատասխանել է տուգանայինից կատարած հոյակապ գոլով: A Bola-ն առանձնահատուկ ընդգծել է 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլոս Ֆրանսայի դերը, ում ընդամենը 11 րոպե է պահանջվել հաղթական գոլը խփելու և Տուլիպայի թիմին ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի պատմական ուղեգրին մոտեցնելու համար:
Անդրադարձում նշվում է նաև հայկական ակումբի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստների մասնակցության մասին. Բրունու Վիլսոնն ու Հուգո Օլիվեյրան դուրս են եկել մեկնարկային կազմում, իսկ Բենին և Բրունու Պերեյրան մնացել են պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Սլովենիայում: Այս դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգրի համար փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի ուժեղագույնի հետ (սլովակյան թիմն առաջին խաղում արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով):
























































