Ֆրանսիացի լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին նշել է, թե որ ֆուտբոլիստների հետ հանդես գալն է իրեն առավել մեծ հաճույք պատճառել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։
Անվանի նախկին հարձակվողն առանձնացրել է Լիոնել Մեսսիին և Զինեդին Զիդանին, իսկ լավագույնների եռյակը եզրափակել է Դենիս Բերգկամպը, որի հետ նա փայլուն տանդեմ էր կազմում Լոնդոնի «Արսենալի» հարձակման գծում։
«Երբ հետևում ես Լեոյի ու Զիզուի գործողություններին, ինչ-որ պահի մտածում ես՝ «իսկ ի՞նչ արեց նա հենց նոր»։ Բայց նույնը կարելի է ասել նաև Դենիսի մասին։ Բերգկամպն այնքան վարպետորեն էր ընդունում գնդակը, որ ես ինքս ինձ միշտ ասում էի. «Նա կսանձի այն», նույնիսկ եթե թվում էր, թե տվյալ իրավիճակում գնդակը նորմալ մշակելն ուղղակի անհնար է։ Նրա կողքին խաղալիս դու պարտավոր էիր անընդհատ բացվել ու կանգ չառնել»,- 49-ամյա ֆրանսիացու խոսքն է մեջբերում Actu Foot պարբերականը։
Հիշեցնենք, որ Թիերի Անրին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականի վերջին։



























































