Հայտնի են դարձել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մանրամասները։ Ինչպես հաղորդում է լրագրող Լեո Գիմարայնշը՝ հղում անելով Մանուկ Հակոբյանի տեղեկություններին, հայ մարտիկը ռևանշ-մենամարտ կանցկացնի UFC-ի նախկին չեմպիոն բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։
Սպասվում է, որ այս գերլարված դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պրոմոուշենը որոշել է էական փոփոխություն մտցնել մենամարտի ձևաչափում։ Նախապես ծրագրված էր անցկացնել 3 ռաունդանոց մարտ, և երկու մարտիկներն էլ իրենց նախապատրաստական և մարզումային փուլը սկսել էին հենց այդ հաշվարկով։ Սակայն ավելի ուշ UFC-ն վերանայել է որոշումն ու մենամարտը դարձրել 5-ռաունդանոց։
Հատկանշական է, որ չնայած ռաունդների ավելացմանը, այս մենամարտում նժարին դրված չի լինելու որևէ չեմպիոնական գոտի, այդ թվում՝ BMF տիտղոսը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Օլիվեյրան արդեն հանդիպել են օկտագոնում 2024 թվականի ապրիլին՝ պատմական UFC 300 մրցաշարում։ Այն ժամանակ 3 ռաունդ տևած համառ պայքարն ավարտվել էր Արման Ծառուկյանի հաղթանակով՝ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։


























































