Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրի «Գանձասար» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը, որն ընթանում էր Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, անակնկալ ընդհատվել էր լուսավորության բացակայության պատճառով:
Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարզաբանելով ստեղծված իրավիճակը:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Շենգավիթ վարչական շրջանում գրանցված խոշոր հոսանքազրկումներով պայմանավորված՝ դադարեցվել է լուսավորությունը նաև մարզադաշտում:
Խաղը պաշտոնապես դադարեցվել է 38-րդ րոպեին։ ՀՊԼ-ից տեղեկացնում են, որ եթե լուսավորությունը չվերականգնվի 60 րոպեի ընթացքում, ապա խաղը կհամարվի չկայացած կամ անավարտ: Նման սցենարի դեպքում հանդիպման վերանշանակման մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ խաղի ընդհատման պահին երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արդեն վստահ առավելություն ուներ և հաղթում էր 2:0 հաշվով:

























































