Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Athletic պարբերականի հեղինակավոր լրագրող Դևիդ Օռնշտեյնը՝ Մարիո Կորտեգանայի համահեղինակությամբ պատրաստված նյութում:
Չնայած ակումբների միջև պաշտոնական բանակցությունները դեռ չեն մեկնարկել, սակայն «արքայական» ակումբում գործում են այն կանխավարկածով և վստահությամբ, որ 30-ամյա իսպանացին թիմին կմիանա արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը մադրիդցիների հետ, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը:
Իր հերթին, «Մանչեսթեր Սիթին» մեծ հույսեր ունի պահպանելու իր առանցքային ֆուտբոլիստին: Անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հույս է դնում Ռոդրիի վրա նոր մրցաշրջանում: «Քաղաքայինների» ղեկավարությունն ակնկալում է, որ կիսապաշտպանը կմնա թիմում, անգամ եթե չերկարաձգի գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ:
Իսպանիայի հավաքականի ավագն իսկական ֆենոմենալ շրջան է անցկացնում: 2024 թվականին նա արժանացավ «Ոսկե գնդակին», իսկ վերջերս Իսպանիայի ընտրանու կազմում դարձավ ԱԱ-2026-ի չեմպիոն: Ռոդրին ճանաչվեց Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում: Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2025/26 մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսների և նոր արշավը կսկսի օգոստոսի 22-ին՝ «Էսպանյոլի» դեմ խաղով, քանի որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ մեկնարկային տուրի հանդիպումը հետաձգվել է:
























































