Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Մայքլ Օլիսեն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես հաղորդում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը, մադրիդյան ակումբի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն անձամբ տեղեկացրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ իրեն հաջողվել է համոզել Օլիսեին տեղափոխվել «արքայական» ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեն ազգային ընտրանու իր խաղընկերոջը վստահեցրել է, որ նրանք կարող են հիանալի համագործակցել նույն թիմում, և որ Մադրիդում նա շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա նվաճելու Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը։
Հիշեցնենք, որ ավարտված ակումբային մրցաշրջանում 24-ամյա Օլիսեն «Բավարիայի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 31 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։
























































