Այսօր՝ հուլիսի 23-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Երևանի «Փյունիկը» արտագնա խաղում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։
Խաղից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է մրցակից թիմի գլխավոր մարզիչ Գերտ Ռեմելը։
««Փյունիկի» առանցքային որակներն են գնդակով խաղի կառուցումը, սահմանափակ տարածություններն արդյունավետ օգտագործելը և տակտիկական բարձր կարգապահությունը։ Սակայն մենք լիովին պատրաստ ենք դաշտում պատասխան տալու հայկական թիմի խաղին»,- նշել է Ռեմելը:
Մարզչի խոսքով՝ վեցշաբաթյա ուսումնամարզական հավաքն ընթացել է նախանշված պլանով։ Թեև նոր մարզչական մեթոդներին ու խաղահամակարգին հարմարվելու համար ժամանակ է պահանջվում, ֆուտբոլիստները դրական են արձագանքել փոփոխություններին։ Թիմում վնասվածք ունեցողների թիվը նվազագույն է, ինչը լրացուցիչ առավելություն է տալիս։
Անդրադառնալով նորեկների մասնակցությանը՝ Ռեմելը չի բացահայտել մեկնարկային կազմը, սակայն ակնարկել է, որ նրանցից մի քանիսը դաշտ դուրս կգան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
























































