Մադրիդի «Ռեալի» վերջերս արված պաշտոնական հայտարարությունը, որով ակումբը հերքում էր Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեի հետ ցանկացած տեսակի կապ, պարզվում է՝ ունի հստակ դրդապատճառ։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի այս քայլը նպատակ ունի բացառել ՖԻՖԱ-ի կողմից հնարավոր կարգապահական պատժամիջոցների կիրառումը։
Բանն այն է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Համաձայն ՖԻՖԱ-ի՝ խաղացողների կարգավիճակի և տրանսֆերների վերաբերյալ խիստ կանոնակարգի՝ ցանկացած թիմ, որը մտադիր է պայմանագիր կնքել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հետ, պարտավոր է նախքան բանակցային գործընթացը սկսելը գրավոր ձևով տեղեկացնել նրա ներկայիս ակումբին։
Կանոնակարգը հստակ սահմանում է, որ պրոֆեսիոնալ խաղացողն իրավունք ունի այլ ակումբի հետ նախնական պայմանագիր կնքել միայն այն դեպքում, երբ գործող պայմանագրի ժամկետն արդեն իսկ ավարտվել է, կամ դրա ավարտին մնացել է առավելագույնը վեց ամիս ժամանակ։ Այս դրույթի ցանկացած խախտում հանգեցնում է լուրջ պատժամիջոցների։
Աղբյուրն ընդգծում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում գործել ՖԻՖԱ-ի սահմանած խաղի կանոններից դուրս և վտանգի տակ դնել ակումբի անբասիր հեղինակությունը միջազգային ասպարեզում։
























































