Շվեդական ֆուտբոլի կենդանի լեգենդ Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ հիշեցրել է իր մասին՝ հյուրընկալվելով ամերիկյան հայտնի Jimmy Kimmel Live հեռուստաշոուին։ Ինչպես և սպասվում էր, նախկին հարձակվողը չի շրջանցել ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ Լիոնել Մեսսի — Կրիշտիանու Ռոնալդու հավերժական դիմակայությունը։
Զրույցի ընթացքում շվեդ աստղը նախ հարգանքի տուրք է մատուցել իր նախկին թիմակից Մեսսիին, սակայն վերջում աչքի է ընկել էպիկական և միանգամայն «զլատանյան» եզրահանգմամբ։
— Մեսսին ու Ռոնալդուն մասնակցում են իրենց վեցերորդ Մունդիալին։ Դուք նրանց ճանաչո՞ւմ եք։
— Այո՛, մեկին ճանաչում եմ։ Մեսսիի հետ խաղացել եմ «Բարսելոնայում»։
— Իսկ ո՞վ է լավագույնը:
— Գիտե՞ք, երբ հասնում ես նման մակարդակի, մի շաբաթ գովերգում են մեկին, հաջորդ շաբաթ՝ մյուսին։ Բայց այն բանից հետո, երբ Մեսսին հաղթեց նախորդ Աշխարհի առաջնությունում, նա այնքան բարձրացրեց նշաձողը, որ վերջնականապես փակեց բոլոր բանավեճերի դուռը։
— Ճիշտն ասած, սա այն պատասխանը չէր, որն ակնկալում էինք լսել Զլատանից…
— Իսկ դուք ուզում եք լսել իսկակա՞ն Զլատանին…
— Միայն թե վիճակն ավելի չվատանա։
— Ուրեմն այսպես. ո՞վ է լավագույնը՝ Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն։ Ես ասում եմ՝ Զլատանը։
Զլատան Իբրահիմովիչը Լիոնել Մեսսիի հետ կողք կողքի հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում» 2009-ից 2010 թվականներին։ Իր փառահեղ ֆուտբոլային կարիերան շվեդ հարձակվողն ավարտել է 2023 թվականին՝ պաշտպանելով իտալական «Միլանի» գույները։


























































