Անգլիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» աստղային կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Touchline-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անվանի ռմբարկուն կարող է լքել գերմանական գրանդն արդեն գալիք ամռանը։ Անգլիացի ֆուտբոլիստը մեծ ցանկություն ունի ուժերը փորձելու իսպանական Լա լիգայում և, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ իր ծառայություններն է առաջարկել կատալոնական «Բարսելոնային»։
Սպասվում է, որ Քեյնը կատալոնական ակումբում կարող է փոխարինել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին հրաժեշտ կտա թիմին։
Նշենք, որ 32-ամյա գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 65 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։























































