Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման սպասելիքներով:
Պատասխան խաղի սպասելիքների մասին
«Սովորաբար առաջին և երկրորդ խաղերի միջև տարբերություն է լինում, բայց այս դեպքում չեմ կարող դա երաշխավորել։ Վաղը մենք պարզապես չենք պաշտպանելու առաջին խաղի արդյունքը, քանի որ տրամադրված ենք հաղթելու։ Դա մեր գլխավոր նպատակն է։ Երկրպագուները չեն դադարելու երգել, իսկ ֆուտբոլիստները չեն դադարելու խաղալ։ Մենք լավ աշխատանք ենք կատարել։ Կարևոր է հասկանալ և ցույց տալ, թե ինչու ենք հայտնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում»։
Բարդությունների հաղթահարման և մոտիվացիայի մասին
«Առաջին խաղում մենք ցուցադրեցինք բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և դրանք հաղթահարելու մեր ունակությունը։ Մեզ պետք է առավելագույնը քաղել նմանատիպ հանդիպումներից. մենք կարող ենք բարելավել մեր խաղն ու դառնալ է՛լ ավելի լավը։
Մեզ լրացուցիչ մոտիվացիա պետք չէ. մենք արդեն մոտիվացված ենք առավելագույնս՝ 125 տոկոսով, դրանից ավելի հնարավոր չէ։ Շատ հաճելի է վերադառնալ այստեղ, դա լավ հուշեր է արթնացնում։ Երբ ես մարզում էի «Բարսելոնան», նույնպես հասել էի այս փուլին, և մենք կարողացանք անցնել առաջ»։
Մրցակցի և առավելության մասին
«Երբ նման խաղ ես անցկացնում «Բավարիայի» դեմ, որն, անկասկած, մեր երբևէ ունեցած ամենաուժեղ մրցակիցն է, առաջին բանը, որ ցանկանում եմ շեշտել, այն է, որ մենք ունենք առավելություն, բայց ֆուտբոլում դա ոչինչ չի նշանակում։ Նախորդ տարի մենք մեծ փորձ ձեռք բերեցինք և միշտ ձգտում ենք արդարացնել մեր երկրպագուների սպասելիքները։ Գիտակցում ենք, որ «Բավարիան» կարող է բավականին հեշտությամբ չեզոքացնել մեկ գնդակի մեր առավելությունը, բայց մենք պատրաստ ենք արձագանքել։
Մենք խաղալու ենք Մյունխենում և կփորձենք լինել ավելի մրցունակ, քան երբևէ։ Ինչպես մի անգամ ասել է մեծն Ռաֆա Նադալը՝ իր կարիերայի որոշակի պահի Ֆեդերերի և Ջոկովիչի դեմ խաղերն իր համար վերածվեցին մոտիվացիայի։ Հենց դա ենք ուզում նաև մենք։ Մենք հիանում ենք «Բավարիայով», բայց դա մեզ համար խթան է ավելի լավը դառնալու։ Վաղը կփորձենք հաղթել մի թիմի, որը պարզապես ֆենոմենալ ֆուտբոլ է ցուցադրում», — Էնրիկեի խոսքերն է մեջբերում PSG Report-ը։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին (Երևանի ժամանակով 23:00-ին), իսկ թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է փարիզցիների հաղթանակով՝ 5-4 հաշվով։



























































