«Լիվերպուլի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուգո Էկիտիկեն աքիլեսյան ջլի պատռվածքի պատճառով տևական ժամանակով շարքից դուրս է մնացել: Այս մասին հայտնում է GFFN-ը՝ հղում անելով L’Equipe-ին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեքշաբթի օրը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում (0:2): Մերսիսայդյան ակումբի հարձակվողն անհաջող սայթաքել է՝ առանց մրցակցի հետ բախման, և 31-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը: Նրան դաշտից դուրս են բերել պատգարակով:
Պարբերականի տվյալներով՝ 23-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի մինչև ինը ամիս։
Հիշեցնենք, որ Էկիտիկեն գերմանական Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2025 թվականի ամռանը։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 95 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «կարմիրների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։



























































