Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է Աշխարհի 2026 թվականի առաջնությանն ընդառաջ լրացուցիչ ընտրական փուլ կազմակերպել, եթե Իրանի ազգային հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց: Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով The Athletic-ին։
Ապրիլի սկզբին հեղինակավոր պարբերականը հիշեցրել էր, որ ԱԱ-2026-ի կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե թիմերից որևէ մեկը հրաժարվում է մրցաշարի մասնակցությունից, ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ է որոշում կայացնում այդ հարցի շուրջ և ձեռնարկում է ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի։ Ընդ որում, հնարավոր է նաև որոշում կայացվի մի թիմին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։
Այդ համատեքստում չի բացառվում նաև լրացուցիչ ընտրության անցկացումը Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի և ՈւԵՖԱ-ի հավաքականների միջև։ Սա նշանակում է, որ Իտալիայի ազգային ընտրանին, որն ավելի վաղ անցումային խաղում պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել Մունդիալից, կարող է փրկության նոր հնարավորություն ստանալ։
Նշենք, որ Իրանում դիտարկում են 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առկա քաղաքական հակամարտության պատճառով։ Վիճակահանության արդյունքներով Իրանի հավաքականն ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նոր Զելանդիան, Բելգիան և Եգիպտոսը։
























































