Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն այսօր՝ մարտի 28-ին, ելույթ ունեցավ Երևանի «Tashir Arena»-ում կայացած «Hype FC» մրցաշարում: 26-ամյա հայ ըմբիշը տոնեց գերվստահ և, ինչպես որակել է ըմբշամարտի մամուլի ծառայությունը, «խելացնոր» հաղթանակ։
Այս մենամարտը Հարությունյանի համար բավականին անսովոր մարտահրավեր էր, քանի որ նրա մրցակիցը Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշն էր, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով և օկտագոնում ունի 9 հաղթանակ ու ընդամենը 1 պարտություն։ Վերջինս, թեև հանդես է գալիս խառը մենամարտերում, սակայն համարվում է բավականին ուժեղ ըմբիշ։
Գոտեմարտը կայացավ բացառապես ըմբշամարտի կանոններով, և Արսեն Հարությունյանը հենց առաջին իսկ րոպեներից ցույց տվեց իր բացահայտ առավելությունը։ Հայ ըմբիշը ցուցադրեց տեխնիկական բարձր պատրաստվածություն և մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց՝ հաստատելով իր բարձր կարգը։




























































