Ֆինալիսիմա-2026-ը, որի շրջանակում պետք է մրցեին Արգենտինայի և Իսպանիայի ազգային հավաքականները, չեղարկվել է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է իսպանական հայտնի El Chiringuito պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպումը, որը ծրագրված էր անցկացնել 2026 թվականի մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսայիլ» մարզադաշտում, չի կայանա Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի պատճառով։ Նշվում է, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին։
Ավելի վաղ Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի (QFA) մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել էր բոլոր ֆուտբոլային մրցաշարերի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն այս տիտղոսային խաղին պետք է մասնակցեր որպես աշխարհի և Ամերիկայի գավաթի (Կոպա Ամերիկա) գործող հաղթող, իսկ Իսպանիայի ազգային ընտրանին՝ որպես Եվրոպայի գործող չեմպիոն։
























































