UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը, Ֆրանսիայի Կուրշավել լեռնադահուկային հանգստավայրում հանգստի ժամանակ ոչ պաշտոնական, բայց խոշոր գրազ է եկել հայտնի բլոգեր Միխայիլ Լիտվինի հետ։
Հանդիպումը, կողմերի խոսքով, կրել է պատահական բնույթ։ Օգտվելով առիթից՝ բլոգերը մարզիկին առաջարկել է մարտահրավեր-պայման․ եթե Ծառուկյանին հաջողվի նվաճել UFC-ի չեմպիոնական գոտին, Լիտվինը պարտավորվում է նրան նվիրել ցանկացած ժամացույց, որը մարտիկը կցանկանա։
«Տղաներ, այնպես ստացվեց, որ ես և Արմանը պատահաբար հանդիպեցինք Ֆրանսիայում։ Մենք իսկապես նախապես պայմանավորված չէինք, բայց մեր ուղիները խաչվեցին։ Ուզում եմ ասել՝ բոլորս հավատում ենք, որ Արմանը շուտով մենամարտելու է գոտու համար։ Առաջարկում եմ գրազ․ եթե դու նվաճես գոտին, ես քեզ համար կգնեմ ցանկացած ժամացույց, որը կմատնանշես», — հայտարարել է Լիտվինը՝ հավելելով, որ զրույցի ընթացքում պարզել է՝ Ծառուկյանն ավտոմեքենաներից առավել նախապատվությունը տալիս է ժամացույցներին։
Ի պատասխան առաջարկին՝ Ծառուկյանը կատակել է, որ նման խոստումն իրեն լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի, և հավելել է․
«Պատրաստիր գումարը, եղբա՛յր։ Մեկ միլիոն դոլար»։
Բլոգերը հաստատել է համաձայնությունը՝ շեշտելով, որ իր խոսքից հետ չի կանգնում։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։


























































