«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ 40-ամյա պորտուգալացի մասնագետն արդեն տեղեկացվել է ակումբի ղեկավարության կայացրած որոշման մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Դարեն Ֆլետչերը, ով գլխավորում է ակումբի երիտասարդական թիմը։
Ներկայումս «կարմիր սատանաները» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը՝ 20 խաղում վաստակելով 31 միավոր։
Հիշեցնենք, որ Ամորիմը մանկունիական ակումբը գլխավորում էր 2024 թվականի նոյեմբերից։




























































