«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հերքել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը, որի հետ նա նախկինում հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում:
«Մարդիկ կարծում են, թե ես չեմ սիրում Ռոնալդուին: Իրականում ես նրան պաշտում եմ: Նա իսկական հանճար է, անում է անհավանական բաներ: Ես պաշտում եմ Կրիշտիանուին, ինձ դուր էր գալիս նրա հետ խաղալ: Չեմ կարծում, թե մարդիկ իրականում գիտակցում են, թե որքան մտերիմ էինք մենք:
Երևի, քանի որ ես ասել եմ, որ Մեսսին ավելի լավն է, քան Ռոնալդուն, մարդիկ մտածում են, թե Կրիշտիանուն ինձ դուր չի գալիս:
Ես պաշտում եմ նաև Մեսսիին, սիրում եմ նայել, թե ինչպես է նա խաղում, և դա է միակ պատճառը [իմ ընտրության], որովհետև, իմ կարծիքով, Լիոնելը խաղի, թիմակիցների հետ փոխգործակցության և այլ առումներով մի փոքր ավելի լավն էր:
Ռոնալդուն ֆուտբոլային «մարդասպան» է, և մարդիկ կարծում են, թե ես ասելով, որ Մեսսին ավելի լավն է, նսեմացնում եմ Ռոնալդուին կամ նրան չեմ սիրում», — Ռունիի խոսքերն է մեջբերում ESPN-ը՝ հղում անելով Rio Ferdinand Presents-ին:




























































