Ժոզե Մոուրինյուն լքել է «Ֆեներբահչեն» ընդամենը մեկ տարի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Թուրքական ակումբը օգոստոսի 29-ին պաշտոնապես խզել է պայմանագիրը 61-ամյա պորտուգալացի մասնագետի հետ։
Հեռացման հիմնական պատճառներից մեկը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Բենֆիկայից» կրած պարտությունն էր, որի հետևանքով ակումբը զրկվեց մրցաշարի հիմնական փուլ դուրս գալու հնարավորությունից։
Ըստ Spor Arena-ի, Մոուրինյուի և ակումբի ղեկավարության հարաբերությունները խիստ լարված էին։ Մարզչին մեղադրում էին թուրք խաղացողների, մասնավորապես՝ Իսմայիլ Յուքսեքի և Ջան Կահվեջիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ, քանի որ նրանք հաճախ մնում էին պահեստայինների կազմում։
Բացի այդ, ակումբը դժգոհ էր թիմի ցուցադրած արդյունքներից։ Իրավիճակն ավելի սրվեց Մոուրինյուի սուր հայտարարությունների պատճառով։
«Բենֆիկայի» դեմ խաղից առաջ նա հայտարարել էր.
«Եթե Չեմպիոնների լիգան իսկապես կարևոր լիներ ակումբի համար, ինձ կտրամադրեին անհրաժեշտ տրանսֆերները»։
Իսկ ակումբի փոխնախագահ Համդի Աքինի մասին նրա սառը մեկնաբանությունը՝ «Ես նրան չեմ ճանաչում», վերջնականապես խզեց հարաբերությունները ղեկավարության հետ։




























































