«Բարսելոնան» մտադիր է հարգանքի տուրք մատուցել ակումբի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիին՝ «Կամպ Նոուի» վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է 2026 թվականի ամռանը։
Սակայն, ինչպես հաղորդում է Marca-ն, այս պահի դրությամբ արգենտինացի ֆուտբոլիստի հետ որևէ կապ չի հաստատվել նշված միջոցառմանը նրա մասնակցության հարցով։
Աղբյուրի տեղեկություններով՝ տոնակատարության կազմակերպումը կարող է բարդանալ Մեսսիի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի լարված հարաբերությունների պատճառով։ Վերջիններս սրվել են դեռևս 2021 թվականին, երբ Մեսսին ստիպված էր լքել ակումբը։ Այդ պահից ի վեր նրանք դադարել են շփվել, իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ Մեսսին չի ցանկանում նույնիսկ որևէ բան լսել Լապորտայից։
Չնայած այս ամենին՝ Մեսսին մինչ օրս մեծ հարգանք է տածում կատալոնական ակումբի նկատմամբ։
Նշենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» համակարգում էր 2000-ից մինչև 2021 թվականը։ Այդ ընթացքում նա անցկացրել է 778 հանդիպում՝ խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում։ «Բարսայի» կազմում Մեսսին չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և տասը անգամ դարձել Լա Լիգայի չեմպիոն։

























































