Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ գոհ է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից, որն անցկացվում է ԱՄՆ-ում։
Կիրակի օրը «Ինտեր Մայամին» ոչ-ոքի է խաղացել եգիպտական «Ալ-Ահլիի» հետ մրցաշարի մեկնարկային խաղում։ Ա խմբի հանդիպումը կայացել է Մայամիում և ավարտվել 0:0 հաշվով։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խաղը սկսել է մեկնարկային կազմում, սակայն ավելացված ժամանակում նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին։
«ՖԻՖԱ-ն ցանկանում է շնորհակալություն հայտնել բացման խաղի բոլոր մասնակիցներին, որն անցկացվեց իսկապես շշմեցուցիչ հաջողությամբ։ Մենք ականատես եղանք հետաքրքիր հանդիպման՝ հիանալի մթնոլորտում, Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում, որը լեփ-լեցուն էր։ Ֆուտբոլային տոնը 60,927 հանդիսատեսի ներկայությամբ և համաշխարհային հեռուստադիտողների աչքի առաջ դարձավ գլոբալ ակումբային ֆուտբոլի պատմության նոր էջի մի մասը»,- այս մասին նշված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ The Daily Mail-ը հաղորդել էր, որ ՖԻՖԱ-ն վերաբաշխում է երկրպագուների տոմսերը՝ հեռուստահեռարձակման ժամանակ դատարկ տեղեր չերևալու և լեփ-լեցուն մարզադաշտերի տպավորություն ստեղծելու համար։
Աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և անցկացվում է ԱՄՆ-ի 11 քաղաքներում։
























































