«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը պատմել է նախորդ մրցաշրջանից հետո թիմի խաղացողների վիճակի մասին, երբ մերսիսայդցիները 97 միավորով գրավեցին 2-րդ տեղը։
«Դրան երկու կողմից կարելի է նայել։ Նախևառաջ, կարծում եմ՝ դա շատ բարդ առաջադրանք էր տղաների համար։ Չի կարելի ավելի կատարյալ մրցաշրջան անցկացնել։ «Սիթին» 100 միավոր էր վաստակել, իսկ դա մեկ խաղ, մեկ հաղթանակ էր։
Առաջին հերթին, մենք մեծ հարգանք էինք տածում «Սիթիի» հանդեպ որպես թիմի, որը մի մրցաշրջանում 100 միավոր էր վաստակել, մյուսում՝ 98։ Դա մեծ ջանքեր է պահանջում։
Որպես թիմ մտածեցինք․ «Հասկանալի է, 97 միավորը բավականաչափ լավ չէ»։ Ու հիշում եմ, ինչպես էր Կլոպը ասում, որ մյուս մրցաշրջանում պետք է ավելի լավ խաղանք։ Ամեն ինչ շատ պարզ է։
Նա ասում էր, որ դա բավական չէ, պետք է ավելին անենք։ Եվ դրա շնորհիվ է, որ այս մրցաշրջանում տղաներն ավելի լավ խաղացին։ Ակնհայտ է, որ հիմա տարօրինակ պահ է, որովհետև մոտ ենք տիտղոս նվաճելուն, բայց դեռ ոչինչ ավարտված չէ։ Բայց մինչ այս պահը մենք ավելին ենք արել, քան նախորդ մրցաշրջանում»,- Չեմբերլենի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» կայքը։