Հոկտեմբերի սկզբին լեգենդար Ռաֆայել Նադալը հայտարարել էր, որ Դևիսի գավաթը կլինի նրա կարիերայի վերջին մրցաշարը։
«Թենիսից հեռանում եմ այն պատճառով, որ ես ինձ այլևս մրցունակ չեմ զգում։ Կարող էի ևս մեկ տարի խաղալ, բայց ինձ համար այն իմաստ չի ունենա։ Լիովին գիտակցում եմ, որ մարմինս թույլ չի տալիս պայքարել ինձ մոտիվացնող մրցակցային նպատակների համար։
Եթե կարողանայի, ապա կշարունակեի խաղալ, բայց չեմ կարող մարզվել այն կայունությամբ, որն անհրաժեշտ է բարձր մակարդակ պահպանելու համար»,- Նադալի խոսքերն է մեջբերում Punto de Break-ը։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Իսպանիայի հավաքականը խաղում է Նիդեռլանդների դեմ․ այս պահը Ռաֆայի համար անչափ հուզական էր։
Դևիսի գավաթի պաշտոնական էջում հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ Ռաֆա Նադալը չի կարողացել զսպել արցունքներն Իսպանիայի օրհներգի ժամանակ։
An emotional anthem for @RafaelNadal 🥹#DavisCup | @RFETenis pic.twitter.com/wZNt3kmB9x
— Davis Cup (@DavisCup) November 19, 2024
Իսպանացին խաղ է անցկացրել Բոտիկ վան դե Զանդսխուլպի դեմ։ Նադալը չի կարողացել հաղթել մրցակցին՝ վերջինիս զիջելով 0:2 հաշվով (4:6, 4:6):
Այսպիսով, Նադալը Դևիսի Գավաթի շրջանակում իր առաջին անհատական պարտությունը կրեց 2004 թվականից ի վեր։ Այն ժամանակ նա զիջել էր չեխ Իրժի Նովակին, իսկ հանդիպումը տեղի էր ունենում գորգե ծածկույթի վրա, ինչը ներկայումս այլևս չի օգտագործվում բարձր մակարդակի մրցաշարերում։ Այդ երկու պարտություններից բացի, Նադալն ունի 29 հաղթանակ Դևիսի Գավաթի անհատական խաղերում։
Այժմ Իսպանիայի հավաքականին անհրաժեշտ է հաղթել երկու խաղ՝ մեկ անհատական և մեկ զուգախաղ, որպեսզի դուրս գա Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։