«Բավարիայի» կանանց թիմի դարպասապահ Մալա Գրոսը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Ակումբի կայքում տեղադրվել է հուզիչ տեսանյութ 23-ամյա ֆուտբոլիստուհու խոստովանությամբ։ Ի պատասխան՝ մյունխենցիները երկարաձգել են աղջկա պայմանագիրը։
Գրոսը պատմել է, որ իր մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, սակայն չի նշել ճշգրիտ ախտորոշումը: Այժմ նա սկսելու է բուժման կուրս, ինչի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնալու մարզումային և խաղային գործընթացներից։
«Հիվանդությունը մարտահրավեր է, բայց չէի մտածում, որ երբևէ ստիպված կլինեմ այն ընդունել: Վստահ եմ, որ այն օգնությամբ, որը հիմա ստանում եմ բոլոր կողմերից, ես կապաքինվեմ: Ես Մյունխենի լավագույն բժիշկների ձեռքերում եմ և հույսս դնում եմ թիմի աջակցության վրա», — կիսվել է Մալան:
Մալա Գրոսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից, մինչ այդ խաղացել է «Բոխում» ակումբում։ Մյունխենցիների հետ նա երեք անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն։ 2024 թվականին Մալան առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական, սակայն իր նորամուտը հետաձգվել է՝ նշիկների վիրահատության պատճառով։
«Բավարիան» արձագանքել է աղջկա հիվանդությանը գեղեցիկ ժեստով՝ պայմանագրի երկարաձգմամբ: Այժմ նրա պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականի ամառ։ «Այսպիսի պահերին սպորտը հետին պլան է մղվում։ Մեր ակումբը միշտ Մալա Գրոսի կողքին կլինի։ Նա հիանալի և ուժեղ անձնավորություն է, մենք կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ Մենք կուղեկցենք նրան առողջացման գործընթացում՝ Մալան կարող է միշտ հույս դնել «Բավարիայի» վրա»,- հայտարարել է ակումբի նախագահ Հերբերտ Հայները։
«Բավարիայի» բազմաթիվ աշխատակիցներ իրենց աջակցությունն են հայտնել աղջկան։ Ակումբը նաև խնդրել է զերծ մնալ Մալայի առողջության վերաբերյալ հարցումներ անելուց։ «Դժվար է խոսքեր գտնել։ Առողջությունն ու կյանքը շատ ավելի կարևոր են, քան սպորտը։ Մենք նրա կողքին ենք և մաղթում ենք ուժ ու ամենայն բարիք։ Մալա Գրոսը երկրպագուների համար օրինակելի կերպար է։ Պայմանագրի երկարաձգումը մեր փոքրիկ աջակցությունն է նրա պայքարին, որպեսզի նա կենտրոնանա առողջացման վրա և իմանա, որ «Բավարիան» միշտ նրա տունն է»,- ընդգծել է սպորտային տնօրեն Մաքս Էբերլը։




























































