Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Արքայական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Հանդերձարանում մենք ընտանիքի պես ենք, ընկերներ ենք, և այստեղ շատ լավ մթնոլորտ է։ Ես ցանկանում էի մնալ «Ռեալում», քանի որ ինձ դեռ լավ եմ զգում։ Կարծում եմ, որ կարող եմ շարունակել հանդես գալ բարձր մակարդակով։ Հուսով եմ՝ այս տարի մենք բոլորս միասին կարող ենք շատ տիտղոսներ նվաճել»,- ասել է Մոդրիչը «Ռեալի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հուլիսի 17-ին խորվաթ կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2025 թվականի ամառ։
Մոդրիչը «Լոս Բլանկոսում» հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Մոդրիչի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։
























































