Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակիչում Էկվադորի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Ես տղաներին ասացի, որ պատրաստ չեմ տուն գնալ: Ավելին, մենք աշխարհի և Կոպա Ամերիկայի չեմպիոններ ենք, և այս շարքն արժանի է շարունակության։ Արդեն 35 օր է, ինչ բոլորս միասին ենք, և դա շատ էմոցիոնալ է»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ռոյ Նեմերը։
Արգենտինայի հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ դուրս է եկել Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Վենեսուելա-Կանադա զույգի հաղթողի հետ։
























































