Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) դատապարտել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Պորտուգալիա-Սլովենիա խաղում երկրպագուին ծեծի ենթարկած ստյուարդների գործողությունները։
«ՈւԵՖԱ-ն տեղյակ է Պորտուգալիա-Սլովենիա խաղի ժամանակ ստյուարդների և երկրպագուի միջև տեղի ունեցած միջադեպի մասին և դատապարտում է ցանկացած բռնի պահվածք: Տեսանյութում տեղ գտած միջադեպն այժմ ոստիկանության հետաքննության առարկա է։ Մենք չենք կարող ավելին մեկնաբանել, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել», — լրագրող Դեն Ռոանը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի անանուն ներկայացուցչի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Հիշեցնենք, որ Սլովենիա — Պորտուգալիա հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ հուլիսի 1-ին։ Թիմերը խաղացել են Ֆրանկֆուրտի (Գերմանիա) Deutsche Bank Park մարզադաշտում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է 3։0 հաշվով։
Խաղից հետո համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը ֆիքսել է երկրպագուին ստյուարդների կողմից ծեծի ենթարկելու պահերը։
























































