Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կուժեղացնի անվտանգության միջոցառումները 2024 թվականի Եվրոպայի առաջնության խաղերում այն բանից հետո, երբ երկրպագուները խաղադաշտ վազեցին խմբային փուլի 2-րդ տուրի՝ Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև հանդիպման ժամանակ (0:3): Այս մասին ՈՒԵՖԱ-ն հայտնել է The Telegraph-ին։
«Ավտանգությունը մարզադաշտում, խաղադաշտում և թիմային սենյակներում ՈՒԵՖԱ-ի, Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի և Եվրո 2024-ի կազմակերպիչների համար առաջնահերթություն է: Այդ նպատակով մարզադաշտերում անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն՝ մրցաշարին ներկա գտնվելու կանոնների հետագա պահպանման և ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող ավելի մանրամասն բացահայտել կոնկրետ միջոցառումները: Հիշեցնում ենք, որ ցանկացած ներխուժում խաղադաշտ հանդիսանում է մարզադաշտի կանոնների խախտում և կհանգեցնի մարզադաշտից հեռացման, մրցաշարի բոլոր հանդիպումներին ներկա գտնվելու արգելք և ապօրինի մուտքի հետ կապված քրեական հանցագործության համար պաշտոնական արձանագրության ներկայացում»,-ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը:
Երեկ՝ հունիսի 22-ին, Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև խաղում երկու տարբեր երկրպագուներ տարբեր ժամերի վազել են խաղադաշտ՝ Պորտուգալիայի հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ սելֆի անելու։