«Վալենսիայի» երեք երկրպագու ութ ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական վիրավորանքների համար։
Երկրպագուներին երկու տարով արգելվել է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։ Դատապարտվածները ստիպված կլինեն վճարել դատական բոլոր ծախսերը։
«Այս որոշումը հիանալի նորություն է Իսպանիայում ռասիզմի դեմ պայքարի համար, քանի որ այն վերականգնում է Վինիսիուսին հասցված վնասը և հստակ ուղերձ է ուղարկում այն մարդկանց, որոնք գնում են ֆուտբոլային մարզադաշտ՝ վիրավորելու մարդկանց», — ասել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Marca-ի հետ զրույցում։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի 35-րդ տուրում պարտվել էր «Վալենսիային» (0:1): Հանդիպման ընթացքում Վինիսիուսը բազմիցս ենթարկվել է տանտերերի երկրպագուների ռասիստական բռնությունների: Դրա պատճառով հանդիպումն ընդհատվել էր երկրորդ խաղակեսում։
Խաղից հետո բրազիլացին քննադատել էր Լա Լիգային՝ ռասիզմի դրսևորումների համար, իսկ «Ռեալը» բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված իր խաղացողի հասցեին վիրավորանքների հետ։ Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ միջադեպից հետո ձերբակալվել են «Վալենսիայի» երեք երկրպագուներ, իսկ երեք օր անց դատարանը սկսել է հետաքննությունը։
























































