Երեկ՝ հունիսի 5-ին, Նորվեգիայի հավաքականն ընկերական խաղում 3։0 հաշվով հաղթել է Կոսովոյի ընտրանուն։ Նորվեգիայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստը 32 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ. նրան ընդամենը 3 գնդակ է պակասում ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու դառնալուց։
Ներկայում Նորվեգիայի կազմում գոլերի ռեկորդը պատկանում է Յերգեն Յուվեին, ով թիմում խաղացել է 1928-ից 1937 թվականներին՝ ազգային հավաքականի 45 խաղում խփել է 33 գոլ։
Հոլանդը հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերին 19 տարեկանում՝ Մալթայի հավաքականի հետ խաղում (2:0)։
Անցած մրցաշրջանում նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր լիգայի արդյունքներով Հոլանդը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու (27 գոլ)։
























































