Այսօր տեղի ունեցավ Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» և ԱՄԷ-ի «Ալ Այն» ակումբների միջև։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Չորրորդ րոպեին Ռուբեն Նևեսը իրացրեց 11 մետրանոցը և առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ։ 12-րդ րոպեին «Ալ Այնն» Էրիկի ջանքերով վերականգնեց հավասարակշռությունը՝ 1-1։ 51-րդ րոպեին Սալեմ Ալ-Դավսարին խփեց «Ալ Հիլալի» հաղթական գնդակը։
Այս թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 17-ին։ Այդ խաղում «Ալ Այնը» սեփական հարկի տակ հաղթել էր 4-2 հաշվով։ Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը դուրս եկավ եզրափակիչ։
«Ալ Այնը» մրցաշարի եզրափակիչում կխաղա «Ուլսան»- «Յոկոհամա Մարինոս» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում հարավկորեական «Ուլսանը» հաղթել էր ճապոնական թիմին 1-0 հաշվով։