Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը մշտական բնակության է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ թեև շարունակում է ստանձնել հավաքականի ղեկը: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է 44-ամյա մասնագետից:
«Հավաքականի հետ ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ հեռավար եղանակով: Հետևում եմ թե՛ մարզումային ծրագրերին, թե՛ մրցումների հետ կապված հարցերին: Ամենօրյա կապի մեջ ենք նաև Լեհաստանի մեր գործընկերների հետ, որտեղ մեր հեծանվորդները վերջերս ուսումնամարզական հավաքի և միջազգային մրցաշարի մասնակցեցին՝ գրանցելով բավականին հաջող արդյունքներ. այս համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասում է Գյոզալյանը:
Հիշեցնենք՝ Լեհաստանի Վարշավա քաղաքում վերջերս անցկացված «Լեհաստանի Գավաթ» մրցաշարում Վահե Վիրաբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Արթուր Վարելջյանը, որը մասնակցել է մեծահասակների տարիքային խմբում, գրավել է 4-րդ տեղը:
Արմեն Գյոզալյանի խոսքով՝ Լեհաստանում անցկացրած 15-օրյա ուսումնամարզական հավաքից հետո հայ հեծանվորդները մայիս և հունիս ամիսներին բավականին հագեցած գրաֆիկ կունենան՝ միջազգային մրցաշարերի և հավաքների առումով:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, անդրադառնալով ԱՄՆ-ում իր գործունեությանը, նշում է՝ Նևադայի Կարսոն-Սիթի քաղաքում արդեն հասցրել է ծանոթանալ հեծանվահրապարակային ենթակառուցվածքներին, ինչպես նաև հանդիպել է տեղի մարզիչների հետ, արդեն իսկ դիտարկվում է խմբերի ձևավորում՝ մարզչական գործունեություն ծավալելու նպատակով: Արմեն Գյոզալյանը չի բացառում՝ հայ հեծանվորդները հետագայում ևս ԱՄՆ-ի ակումբներում մարզվելու և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կունենան՝ հատկապես հաշվի առնելով Լոս-Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի տեսլականը:
Արմեն Գյոզալյանը, որը վերջին երեք տարիներին հանդիսանում է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ընդգծում է՝ ԱՄՆ տեղափոխությունը կնպաստի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի՝ «Armenia Fund»-ի հետ համագործակցության ամրապնդմանը:
«Վերջին տարիներին ԽՍՀՄ սպորտի վարպետ, ամերիկահայ Հրաչ Գևրիկյանի, Հեծանվային սպորտի զարգացման ասոցիացիայի, «Armenia Fund»-ի համատեղ ջանքերով և ԿԳՄՍՆ աջակցությամբ Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը մի շարք թանկարժեք ու պրոֆեսիոնալ հեծանիվներ, մարզահագուստ և մարզագույք է ստացել: Վստահ եմ՝ համագործակցությունն առավել կխորանա և միայն կնպաստի հայկական հեծանվային սպորտի զարգացմանը: Բոլորս սպասում ենք մեր երեք հեծանվորդների հաջողություններին, որովհետև դրա ներուժը կա»,- ասում է Արմեն Գյոզալյանը և տեղեկացնում՝ հեծանվորդները նախապատրաստական հագեցած փուլ են անցել ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորւթյամբ:
Նշենք՝ Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականը հուլիսի 9-16-ը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Արմեն Գյոզալյանը ևս կմիանա թիմին արդեն ԱՄՆ-ից: Մ23 տարեկանների պայքարում հանդես կգա Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը, իսկ Անի Գյոզալյանը կլինի պահեստային: